ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Բավականին շանտաժային հանգույց է ստեղծվել»

«Բավականին շանտաժային հանգույց է ստեղծվել»
21.07.2009 | 00:00

«ՉԼԻՆԻ ԹԵ ՀԱԿ-Ի ՆԵՐՍՈՒՄ ԱՆՀԱՇՏ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՆԳԵՑՆԵՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԻ»
Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում «թայմաուտ» է հայտարարվել։ Մինչև աշուն բանակցող կողմերին ժամանակ է տրվել մտորելու, եզրահանգումներ անելու համար։ Սրան զուգահեռ, Հայաստանում քաղաքական ուժերը, մասնավորապես, «Ժառանգությունը», ՀՀ իշխանություններից պահանջում են ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը։ Խնդրի շուրջ զրուցում ենք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ։
-Բանակցային գործընթացի այս փուլում որքանո՞վ է նպատակահարմար ԼՂՀ-ի անկախության ճանաչման ձեր պահանջը, և, ընդհանրապես, նպաստելո՞ւ է, արդյոք, հիմնախնդրի կարգավորմանը։
-Եթե բանակցային գործընթացն ընթանա այսպես, այսինքն` հայկական իրական շահերին և ղարաբաղյան հակամարտության շուրջ ձևավորված իրողություններին ոչ համարժեք, միակ ճիշտ քայլը Ղարաբաղի անկախության ճանաչումն է։ «Ժառանգությունը» հասարակական-քաղաքական ճանաչման գործընթաց է սկսել, ինչի համար հիմք են նաև 2007-ի օգոստոսին ներկայացված ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը, որը 2008-ի ապրիլին անգամ չներառվեց ԱԺ-ի օրակարգ։ Այս քայլով ԱԺ մյուս խմբակցությունները ցույց տվեցին, որ իրենք կողմնակից չեն անկախության ճանաչմանը։ Սրան անմիջապես հաջորդեց մայնդորֆյան հռչակագիրը, որտեղ ՀՀ իշխանությունները գրավոր հավանության արժանացրին մադրիդյան առաջարկները` պարտավորություն ստանձնելով որևէ այլ եղանակով խնդիրը չլուծել։ Իսկ բազմաթիվ հակամարտությունների կարգավորման փորձերն արդեն ցույց են տվել, որ վերջնահաշվում դրանց լուծումները եղել են միակողմանի ճանաչման ձևով (Կոսովո, Հարավային Օսիա, Աբխազիա)։
-Նախադեպերի օրինակո՞վ եք փորձում առաջնորդվել։
-Ոչ միայն նախադեպերով։ Իրականում հիշյալ նախադեպերի համար Ղարաբաղն ինքն է նախադեպ։ Ի դեպ, մայնդորֆյան հռչակագրով, ի թիվս այլ լուծումների, Հայաստանը բացառել է միակողմանի ճանաչման գնալու քայլը։ Այսօր, երբ մադրիդյան սկզբունքներն արդեն մասնակիորեն հանրության սեփականությունն են, ակնհայտ է, որ դրանք խարդախություն են և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂՀ-ի շահերի հանդեպ։ Հետևաբար, մենք մեր ուղերձում նպատակահարմար ենք համարում Ղարաբաղի անկախության անվերապահ ճանաչումը։
-Եթե ԼՂՀ-ն կրկին դառնա բանակցող կողմ, կարո՞ղ է դա ձեր պահանջին հավասարազոր լինել։
-Մոսկովյան վերջին հանդիպումը շատ մտահոգիչ եզրակացությունների տեղիք է տվել։ Նախկինում էլ հայտարարվում էր, որ Ղարաբաղն ինչ-որ մի պահի կդառնա բանակցային կողմ։ Այս հանդիպումից անմիջապես հետո Ռուսաստանի համանախագահը հասկացրեց, թե դա որ պահն է, այսինքն` Ղարաբաղն ինչ-որ մի պահի կդառնա բանակցային կողմ։ Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեն սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագիր։ Սա շատ վտանգավոր է, քանի որ, փաստորեն, Ղարաբաղը դառնալու է ընդամենն այդ տխրահռչակ սկզբունքների իրականացնողը միայն։ Այս հայտարարություններից հետո չի հնչում ՀՀ նախագահի և արտգործնախարարի կոշտ դիրքորոշումը, որ Ղարաբաղը պետք է ներգրավվի սկզբունքների համաձայնեցման փուլում, այլապես առկա ձևաչափով անընդունելի է բանակցությունները շարունակել։
-Մինչ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումը` Հայաստանում բողոքի ակցիաներ էին նախատեսվում, մասնավորապես, ՀՅԴ-ի կողմից։ Հնարավո՞ր է` ինչ-որ փուլում «Ժառանգությունն» էլ միանա ՀՅԴ-ին։ Այս հարցում ձեր նպատակները համատեղվո՞ւմ են։
-Համատեղ որևէ միջոցառման կազմակերպումը քննարկման ենթակա հարց է, բայց տվյալ պարագայում մենք ունենք նաև ընդդիմադիր մեկ այլ բևեռի հետ որոշակի հարցեր համաձայնեցնելու խնդիր։ Իհարկե, այսօր ՀՅԴ-ն կտրականապես չի ժխտում ԼՂՀ-ի անկախության ճանաչման նպատակահարմարությունը։ Տեսականորեն առկա են ընդհանրության եզրեր, և միգուցե փոխադարձ ընդունելի համաձայնությունների հանգելու դեպքում հարկադրված կլինենք համատեղ միջոցառումներ կազմակերպել։ Այստեղ էականն այն է, որ «Ժառանգության» դիրքորոշումն ի սկզբանե բացասական էր մադրիդյան սկզբունքների խնդրում, ու վերջերս էլ ՀՅԴ-ն բացասական մոտեցում ցուցաբերեց այդ սկզբունքների առնչությամբ, որոնք մշակվել են դեռևս 2004-ին` Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, Վարդան Օսկանյանի ակտիվ դերակատարությամբ։
-Ի դեպ, ՀՅԴ-ի դիրքորոշման ու կարգավիճակի փոփոխության մասին։ Իշխանությունն ասում է` «գտնվել է» կառուցողական, առողջ ընդդիմություն, ընդդիմությունն էլ թե` ՀՅԴ-ն «ձևական» ընդդիմություն է։ Որպես խորհրդարանական գործընկեր, Դուք ՀՅԴ-ն համարո՞ւմ եք ընդդիմադիր ուժ։
-ՀՅԴ-ի նկատմամբ երկու թևերի գնահատականների մեջ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ կան։ Չեմ ցանկանում անտեղի համարել որևէ մտահոգություն։ Ժամանակին «Ժառանգության» հանդեպ ևս նման մոտեցումներ էին հնչեցնում։ Կարծում եմ` ցանկացած ուժ ինքը պետք է ապացուցի` արդյո՞ք սկզբունքային ընդդիմություն է։ Առավել ևս, որ այսօր դրա հնարավորությունը կա։ Նկատի ունեմ Րաֆֆի Հովհաննիսյանի` ընդդիմադիր ուժերով համագործակցության նոր ավանդույթ ձևավորելու առաջարկը, քաղաքական պլատֆորմներ ստեղծելու գաղափարը։
-Այսինքն` չե՞ք բացառում քաղաքական որևէ պլատֆորմի շուրջ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը։
-Այսօր մենք դեռ սպասում ենք ՀՅԴ-ի պլատֆորմի հրապարակմանը։ Երբ այն պատրաստ լինի, կարծում եմ` քաղաքական ուժերը համագործակցության եզրեր կգտնեն։
-Ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումների առնչությամբ ՀԱԿ-ը, կարծես, որոշակի պասիվություն դրսևորեց։ Տարօրինակ չէ՞ր։
-Չպետք է մոռանալ, որ ՀԱԿ-ը ստեղծվել է երկրում սահմանադրական կարգը վերականգնելու և հաստատելու հրամայականով։ Այդ կառույցի ներքո համախմբված 18-ից ավելի քաղաքական ուժերը մի կողմ են թողել արտաքին քաղաքականության ոլորտում գաղափարախոսական տարաձայնությունները և համախմբվել ազատ, արդար ընտրություններ անցկացնելու, ժողովրդի իշխանություն ձևավորելու նպատակով։ Այս ընթացքում հատկապես հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ մարտահրավերներն ակտիվացան, որի հետևանքով կոնգրեսի ներսում տարբեր, իրարամերժ դրսևորումների ականատեսը եղանք։ Թե ինչպես կլուծի իր ներքին տարաձայնությունները ՀԱԿ-ը, իր խնդիրն է։ Բայց չլինի թե ՀԱԿ-ի ներսում անհաշտ մոտեցումները հանգեցնեն լուրջ խնդիրների։ ՀԱԿ-ում այսօր ազգայնական շեշտադրումներն է՛լ ավելի են խորացել, մինչդեռ նախկինում առավել լիբերալ, ազատական մոտեցումներ էին առկա։
-Ղարաբաղյան հակամարտության զարգացումներում աշնանն ակտիվություն ակնկալվո՞ւմ է։
-Աշնանային զարգացումների առնչությամբ արժե որոշակի մտահոգություն ունենալ, նախ և առաջ, արտաքին քաղաքականության ծիրում։ Տպավորություն է ստեղծվում, թե 2006-ի նմանությամբ միջնորդները ժամանակավոր դադար են վերցրել` ցույց տալով, որ իրենք արել են իրենցից կախված ամեն ինչ։ Հիմա կողմերը վերջնական պատասխան պետք է տան` որևէ փաստաթուղթ ստորագրո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե հնչած հայտարարություններն էլ ի մի բերենք, ուղերձներն այսպիսին են` այժմ Հայաստանից ու Ադրբեջանից է կախված խնդրի վերջնական լուծումը։ Ակնհայտ է մի բան նաև, որ Հայաստանը տեղափոխել են մի դաշտ, որտեղ նա դրական է արձագանքում ամեն ինչին։ Ադրբեջանին ասում են` ապահովել ենք այնպիսի վիճակ, որ առաջին էտապում հնարավոր է վերադարձնել առնվազն հինգ ազատագրված տարածք։ Սրան Հայաստանի իշխանությունը դրական է արձագանքել, ու այժմ Ադրբեջանն է, որ պետք է պատասխանի առաջարկին` ուզո՞ւմ է միայն հինգ տարածք ունենալ այս պահին։ Հայաստանին ուղերձն էլ հետևյալն է` եթե ուզում եք հայ-թուրքական սահմանի բացում, Թուրքիայի հետ հարաբերությունների հստակեցում, մինչև հոկտեմբեր լուրջ մտածեք ու ստորագրեք փաստաթուղթը։ Չնայած Հայաստանն այսօր հույսը դրել է այն բանի վրա, որ Ադրբեջանը չի համաձայնի փաստաթուղթը ստորագրելուն։ Ստացվում է, որ բավականին շանտաժային հանգույց է ստեղծվել։ Այս իրավիճակում ներքաղաքական լարվածությունը ևս կմեծանա։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ